Օպերային թատրոն, որը նման է ծովախեցու
Չինաստանը շարունակում է մշակութային օբյեկտների կառուցումը ժամանակակից ճարտարապետության տեսքով: Օպերային թատրոնը կառուցվել է Չինաստանի Գուանդուն նահանգում Չժուհայ կղզու ծովի ափին՝ Պեկինի ճարտարապետական դիզայնի ինստիտուտի (BIAD) կողմից: Թեթև, դինամիկ դիզայնով թատրոնը կարծես լողում է երկնքի հետ միաձուլվող ջրի ֆոնին՝ ընդգծելով ձևի գեղագիտությունը։ Շենքը արդեն համարվում է տարածաշրջանի գլխավոր նոր տեսարժան վայրը։
Կառույցը բաղկացած է երկու կոր կիսաթափանցիկ կառույցներից, որոնք իրենց տեսքով հիշեցնում են ծովային խեցիների բաց «պատյաններ»: Համալիրն ունի 59 հազար քառակուսի մետր տարածք։ Մեկ «պատյանում» տեղակայված է 1550 նստատեղ ունեցող օպերային թատրոնը, մյուսում՝ 550 նստատեղով բազմաֆունկցիոնալ դահլիճը , երկու «պատյաններն» իրար կապված են 350 հոգու համար նախատեսված բացօթյա թատրոնով։ Շենքի ներս մտնելով՝ ներկայացումը դիտելուց առաջ այցելուները տեսնում են կիսաթափանցիկ ճակատ՝ որի միջով կարող են տեսնել հմայող մի տեսարան՝ մայրամուտի արևը և ծագող լուսինը՝ երկու տարբեր կողմերից: Թափանցիկ ճակատները թույլ են տալիս թատրոնի հյուրերին հիանալ նաև ծովի տեսարաններով:
Օպերայի դահլիճի ինտերիերը պատրաստված է բնական նյութերից՝ հիմնականում փայտից։ Հանդիսատեսի նստատեղերը, բեմը և նվագախմբի փոսը տեսողականորեն առանձնացված են միմյանցից լուսային թիթեղներով, որոնք շրջանակում են յուրաքանչյուր գոտու սահմանները: Ռելիեֆային պատերը, որոնք հիշեցնում են ծովի ալիքների թեքումը, կլանում են աղմուկը և ուժեղացնում ակուստիկան, իսկ առաստաղը, որը զարդարված է աստղային երկնքի նմանությամբ, հագեցած է լուսային ամենաարդիական սարքավորումներով:

