Առևտրային տարածքը՝ որպես մշակութային ինտերֆեյս. Շանհայում բացվել է The Louis կոնցեպտուալ խանութը՝ զբոսաշրջային նավի ձևով։
Բազմաֆունկցիոնալությունը համաշխարհային առևտրային ճարտարապետության գլխավոր միտումներից մեկն է։ Ժամանակակից կոնցեպտուալ խանութն այլևս պարզապես առևտրային վայր չէ, այլ տարածություն, որը այցելուներին առաջարկում է համալիր ժամանց և բազմազան տպավորություններ։
Louis Vuitton բրենդի նոր բուտիկը, որը վերջերս կառուցվել է Շանհայում՝ OMA ճարտարապետական բյուրոյի համագործակցությամբ, այս միտման վառ օրինակն է։ Երեք հարկանի կոնցեպտուալ խանութը հեռվից գրավում է ուշադրություն՝ իր ձևով հիշեցնելով զբոսաշրջային նավ։ Խանութի ներսում, առևտրային սրահներից բացի, գործում են սրճարան և ցուցահանդես, որը ներկայացնում է բրենդի պատմությունը արվեստային ինստալյացիաների միջոցով։
Թե ինչու հենց նավի կերպարն է դարձել ճարտարապետական գաղափարի հիմքը, ինչպես նաև ցուցահանդեսի՝ «Visionary Journeys» խորագրով բովանդակության և նախագծի մյուս առանձնահատկությունների մասին կարդացեք ստորև…
Շանհայը, իր բազմաթիվ նավահանգիստների շնորհիվ, հայտնի է որպես «Արևելքի դարպաս»։ Հաշվի առնելով այս հանգամանքը և ոգեշնչվելով Louis Vuitton բրենդի պատմությունից, որը 19-րդ դարում մասնագիտանում էր ծովային ճանապարհորդությունների համար նախատեսված ճամպրուկների արտադրությամբ, նախագծի հեղինակները խանութին տվել են նավի ձև։ Շենքի բարձրությունը կազմում է 30 մետր, երկարությունը՝ 114.5 մետր, իսկ ընդհանուր մակերեսը՝ 1600 քմ։
«Նավ հիշեցնող ճարտարապետական ծավալը արտացոլում է Շանհայի փիլիսոփայությունը՝ «գրկել բոլոր գետերը», ինչպես նաև նրա նորարարական և կոսմոպոլիտ ինքնությունը։ Այս հայեցակարգը մանրածախ առևտուրը վերածում է մշակութային ինտերֆեյսի՝ քաղաքային ոգու հաղորդողի և հասարակական երկխոսության հարթակի։ Այն միաժամանակ ծառայում է որպես ուղենիշ ապագա սերունդների համար և կապող օղակ՝ տեղական մշակույթի հետ»՝ նշել են Louis Vuitton-ից։
Նավ հիշեցնող հիմնական կառույցը, որը խարսխված է HKRI Taikoo Hui գլխավոր հրապարակում, պատված է բրենդի արծաթագույն մոնոգրամով։ Շենքի դիմային մասում տեղադրված է Louis Vuitton-ի լոգոտիպով ձևավորված խարիսխ, որը իջնում է մինչև գետին։ Վերին հատվածը իր ձևով և դեկորով հիշեցնում է բրենդի դասական ճամպրուկները՝ իրար վրա դասավորված։ «Նավի տախտակամածին» գործում է բացօթյա տեռաս՝ հովանոցներով, որտեղ կարելի է հանգստանալ և ավելի խոր զգալ ծովային ճանապարհորդության մթնոլորտը։
Ճամփորդության թեման առանցքային տեղ ունի նաև երկհարկանի ցուցադրությունում՝ վերնագրված «Visionary Journeys»։ Ցուցասրահը բաղկացած է թեմատիկ սրահներից, որոնք ներկայացնում են բրենդի պատմությունը՝ հիմնադրումից մինչ մեր օրերը։
Ցուցահանդեսի մուտքը ձևավորված է Trunkscape ինստալյացիայով՝ մոնոգրամով պատված ճամպրուկներից կազմված կամարով։ Դրանով անցնելով՝ այցելուները հասնում են Origins սրահ, որտեղ պատմական առարկաները վերաիմաստավորվել են նորարարական մոտեցմամբ։ Այստեղ ճամպրուկներն ու կաշվե իրերը ներկայացվում են որպես ճամփորդության արվեստի հիմք։ Կարելի է հետևել, թե ինչպես են ժամանակի ընթացքում փոխվել ճանապարհային պայուսակների չափերն ու շարժունակության գաղափարը։
Այլ սրահներում ցուցադրված են Louis Vuitton-ի պատմական արտոնագրերը, արխիվային գովազդային նյութեր, եզակի նմուշներ, Vuitton ընտանիքի գրքերի հավաքածուն, ինչպես նաև տեղեկատվություն՝ բրենդի արտադրական գործընթացի մասին։ Ցուցադրության դիզայնը մշակվել է OMA բյուրոյի կողմից։
Ցուցահանդեսից հետո կարելի է հանգստանալ երրորդ հարկի սրճարանում, որտեղ ինտերիերի հիմնական դեկորատիվ տարրերն են՝ մոնոգրամով ճամպրուկների ձևավորումները։ Տաք փայտյա մակերեսներն ու մեղմ լուսավորությունը ստեղծում են հին ծովային նավախցի տաք և հարմարավետ մթնոլորտ։
ՇԻՆՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ․ Կոնցեպտուալ խանութ The Louis
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ․ OMA, Louis Vuitton
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԻ․ 2025 թ.
ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ․ Շանհայ, Չինաստան

